Կառավարության որոշումներ

29 Օգոստոսի 2019, 1098 - Ա

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄՏԱՎՈՐ ԹԵՐԶԱՐԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ Հ3 ՀԱՏՈՒԿ (ՕԺԱՆԴԱԿ) ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետը և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-200-Ն օրենքի 21-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. ՀՀ Շիրակի մարզի Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ3 հատուկ (օժանդակ) դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 29.210.01962) վերանվանել «Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ կազմակերպություն):
2. Սահմանել, որ կազմակերպությունը երկրորդ՝ տարածքային մակարդակում երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որի՝
1) նպատակն իր սպասարկման տարածքի ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանն աջակցելն է.
2) գործունեության առարկան կրթության կազմակերպման ոլորտում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցումն է:
3. Թույլատրել կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) ուսումնական և մեթոդական գրականության մշակում և հրատարակում.
2) դիդակտիկ նյութերի և պարագաների ստեղծում.
3) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում՝ 18-ից բարձր տարիք ունեցող (հանրակրթության մեջ չընդգրկված) անձանց.
4) փորձագետ-մասնագետների կողմից մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում:
4. «Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ» «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի հետ համատեղ ապահովել կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) երկամսյա ժամկետում հաստատել կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ:
6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ ապահովել կազմակերպությունում սովորող աշակերտների՝ հանրակրթական ծրագրով հետագա ուսումնառությունը:
7. Կազմակերպության անվանափոխության հետ կապված պետական գրանցման և կնիքի ձեռքբերման ծախսերը կատարել կազմակերպության միջոցների հաշվին: