Կառավարության որոշումներ

15 Օգոստոսի 2019, 1080 - Ն

ԴԵՂԱՏՈՄՍԵՐ ԳՐԵԼՈՒ, ԴԵՂԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ) ԿԱՐԳԸ, ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1402-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) դեղատոմսեր գրելու և դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) դեղատոմսերի ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի) և միզոպրոստոլ պարունակող դեղերի մասով, իսկ դեղատոմսով բաց թողնվող այլ դեղերի մասով` 2023 թվականի հունվարի 1-ից:
4. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տպագրված բոլոր ձևաթղթերի վրա կարող են դեղեր դուրս գրվել մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ պահպանելով սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջները:
5. Սույն որոշման 3-րդ կետի գործողությունը տարածվում է 2019 թվականի հուլիսի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

Հավելված