8 Օգոստոսի 2019, 1031 - Ա
«ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ենթակայության «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով փոփոխության պետական գրանցումը` առաջացող ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ N 1 հավելվածում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, իսկ N 2 հավելվածում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
5. Սույն որոշման 1-ին կետի համաձայն՝ գույքի ամրացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով սահմանված կարգով:
6. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածներում նշված անշարժ գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
7. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ և 6-րդ կետերում նշված գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կիրականացվեն Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին: