27 Հունիսի 2019, 801 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին N 987-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ կետերով՝
«6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 5-օրյա ժամկետում՝ վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելու և լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:
7. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով ժամկետանց պարտավորություններ (այդ թվում՝ տույժեր և տուգանքներ) ունենալու դեպքում դրանց մասին փաստի արձանագրման պահից 5-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:».
3) որոշման հավելվածի 3-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«է) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված՝ հայտատուի հարկերի և վճարների գծով պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ,».
4) որոշման հավելվածի 1-ին կետով սահմանված N 1 ձևի հայտարարագրում «տեղեկանք` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պետական ծառայության համապատասխան տարածքային մարմնից՝ հաշվետու վերջին ժամանակաշրջանի դրությամբ դիմողի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների մասին» բառերը փոխարինել «տեղեկանք` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ դիմողի հարկերի և վճարների գծով պարտավորությունների մասին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: