18 Ապրիլի 2019, 513 - Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 12-րդ և 42-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ընկերություն):
2. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 100.0 հազ. դրամ, որը բաժանված է 100 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:
3. Ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված մյուս լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, որոնցից «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի «ե»-«է» կետերով և 67-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «թ», «ժա» կետերով սահմանվածները ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի համաձայնությունը նախապես ստանալով:
4. Ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը հատկացնել 100.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):
5. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և բաժնետոմսերի դիմաց վճարումները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում`
1) ձևավորել ընկերության գործադիր մարմին.
2) հաստատել ընկերության կանոնադրությունը.
3) ապահովել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընկերության պետական գրանցումը.
4) ընկերության պետական գրանցման հետ կապված վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին:
6. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն N N 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված