2 Մայիսի 2019, 507 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1679 - Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը հաստատելու և գնման ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին ու կառավարության աջակցության համաձայնագրի նախագծին հավանություն տալու մասին» N 1679 - Ն որոշման 3-րդ կետով հավանության արժանացած՝ «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում կառավարության աջակցության համաձայնագրի» (այսուհետ՝ համաձայնագիր) 1-ին հոդվածի 1․3 մասում «Ֆինանսավորման Ամփոփման Ծայրահեղ Ամսաթիվ» սահմանման մեջ «90 օր անց ընկնող ամսաթիվը» բառերը փոխարինել «198 օր անց ընկնող ամսաթիվը» բառերով։
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին այսուհետ և ըստ անհրաժեշտության Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրելու համաձայնագրում ժամկետների փոփոխությունների, ինչպես նաև ժամկետների փոփոխությունների հետ կապված կիրառելի այլ փոփոխությունների համաձայնագրերը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի ապրիլի 14-ից հետո ծագած հարաբերությունների վրա: