9 Փետրվարի 2006, 164 - Ն
«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 18, 20, 22, 24, 25 և 68-րդ հոդվածները, ինչպես նաև ոռոգման ոլորտի բարեփոխումների ծրագրերով նախատեսված գործընթացների արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 18, 22 և 25-րդ հոդվածներին համապատասխան` «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել առանձնացման ձևով՝ ստեղծելով «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ» և «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունները:
2. Սահմանել, որ «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ», «Որոտան-Արփա-ջրառ» և «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների չափերը ձևավորվում են բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:
3. «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ» և «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված մյուս լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին:
4. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20, 24 ու 25-րդ հոդվածներին և 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` «Ոռոգում-ջրառ» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպել միացման ձևով՝ «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը միացնելով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությանը:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ», «Որոտան-Արփա-ջրառ» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների բաժանիչ հաշվեկշռի, միացման պայմանագրի և փոխանցման ակտի կազմման ու հաստատման աշխատանքների կատարումը, դրանց համապատասխան սահմանել նշված ընկերությունների կանոնադրական կապիտալների չափերը և հաստատել դրանց կանոնադրությունները.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ», «Որոտան-Արփա-ջրառ» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների գույքային իրավունքների պետական գրանցումը` իրենց միջոցների հաշվին:
6. Սահմանել, որ`
ա) «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած դեբիտորական և կրեդիտորական պարտքերը ենթակա չեն հաշվեգրման «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ» և «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների հաշվեկշիռներին.
բ) «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ» և «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունները «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ», «Որոտան-Արփա-ջրառ» մասնաճյուղերից համապատասխան ընկերություններին փոխանցվող ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերի օգտագործման իրավունքների իրավահաջորդներն են:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: