Կառավարության որոշումներ

4 Ապրիլի 2019, 397 - Ն

ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՆՇՈՒՄՈՎ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 351-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ՝
1) պետական կամ համայնքային արխիվների համալրման աղբյուր հանդիսացող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական կամ համայնքային հիմնարկներն ու կազմակերպությունները սույն որոշմամբ սահմանված ցանկում ընդգրկված մշտական պահպանության փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո հանձնում են համապատասխան արխիվ, եթե այդ ցանկով այլ բան նախատեսված չէ, իսկ համալրման աղբյուր չհանդիսացող պետական և համայնքային հիմնարկներում ու կազմակերպություններում՝ դրանց պահպանման ժամկետների մասին որոշումն ընդունում է հիմնարկի կամ կազմակերպության փորձագիտական հանձնաժողովը.
2) սույն որոշման պահանջներն այլ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեության արդյունքում առաջացած փաստաթղթերի վրա տարածվում են օրենքով նախատեսված դեպքերում.
3) սույն որոշմամբ սահմանված արխիվային փաստաթղթերի պահպանության նվազագույն ժամկետներից ավելի պահպանության ժամկետների, այդ թվում՝ նաև մշտական պահպանության մասին որոշումն ընդունում են պետական կառավարման համակարգի մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովները.
4) արխիվային փաստաթղթերի պահպանության ժամկետն սկսվում է դրա ստեղծմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից.
5) էլեկտրոնային փաստաթղթերի համար սահմանվում են սույն որոշմամբ սահմանված ցանկով նախատեսված պահպանության նույն ժամկետները.
6) փաստաթղթերը համապատասխան արխիվ են հանձնվում բնօրինակ այն կրիչով, որով ստեղծվել է տվյալ փաստաթուղթը.
7) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինները, սույն որոշմամբ սահմանված ցանկի հիման վրա մշակում և, արխիվային գործի բնագավառում լիազոր մարմնի հետ համաձայնեցնելով, հաստատում են իրենց գործունեության ընթացքում առաջացող փաստաթղթերի պահպանության ժամկետների նշումով ցանկերը, ընդ որում, դրանցում սահմանված ժամկետները չպետք է ցածր լինեն սույն որոշմամբ սահմանված ցանկի ժամկետներից։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» N 351-Ն որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հավելված