4 Ապրիլի 2019, 394 - Լ
ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 605-րդ և 685-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 24-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 77.210.00927, Արարատի մարզ, Մասիսի ենթատարածք, գյուղ Դարակերտ) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ 1-ին ընկերություն)։ 1-ին ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 50000 դրամ, որը բաժանված է 5 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով: 1-ին ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: 1-ին ընկերության պետական սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:
2. «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 38.210.01559, Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, Իսի Լե Մուլինո 1) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երկրագործության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ 2-րդ ընկերություն)։ 2-րդ ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 50000 դրամ, որը բաժանված է 5 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով: 2-րդ ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: 2-րդ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը։
3. «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 42.210.02172, ք. Երևան, Շենգավիթ, Մասիսի խճուղի 107/2) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ 3-րդ ընկերություն)։ 3-րդ ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 50000 դրամ, որը բաժանված է 5 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով: 3-րդ ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: 3-րդ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:
4. 1-ին, 2-րդ և 3-րդ ընկերությունների` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված մյուս լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:
5. Սահմանել, որ սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով վերակազմակերպման արդյունքում ստեղծվող ընկերությունների կանոնադրական կապիտալը ձևավորվում է համապատասխանաբար վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող գույքով։
6. Սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով վերակազմակերպվող կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով համապատասխանաբար հանձնել վերակազմակերպված ընկերություններին։
7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`
1) հաստատել 1-ին, 2-րդ և 3-րդ ընկերությունների փոխանցման ակտերը և կանոնադրությունները.
2) ձևավորել 1-ին, 2-րդ և 3-րդ ընկերությունների գործադիր մարմինները.
3) ապահովել 1-ին, 2-րդ և 3-րդ ընկերությունների պետական գրանցումը և օրենքով սահմանված՝ 1-ին, 2-րդ և 3-րդ ընկերությունների հիմնադրի մյուս լիազորությունների իրականացումը:
8. 1-ին, 2-րդ և 3-րդ ընկերությունների 5-ական բաժնետոմսերը, յուրաքանչյուրը՝ 10000 դրամ անվանական արժեքով, նվիրաբերել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին՝ 1-ին, 2-րդ և 3-րդ ընկերությունների կանոնադրություններով նախատեսված գործունեության տեսակների իրականացումը շարունակելու պայմանով:
9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշման 6-րդ կետով նախատեսված գործողությունների կատարումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել 1-ին, 2-րդ և 3-րդ ընկերությունների բաժնետոմսերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ կնքելով բաժնետոմսերի նվիրաբերության մասին պայմանագրեր՝ ամրագրելով, որ պայմանագրերից բխող նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին: