Կառավարության որոշումներ

29 Մարտի 2019, 305 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածով, 68-րդ հոդվածի 2-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետով, 25-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) (պետական գրանցման համարը՝ 286.210.05636, ք. Երևան, Նալբանդյան 28):
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝
1) Կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին.
2) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել Կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին.
3) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը:
3. Կազմակերպության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարման հաշվեկշռի կազմման օրվա դրությամբ այդ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, մնացած գույքը, բացի դրամական միջոցներից, անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, իսկ դրամական միջոցները փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: