21 Մարտի 2019, 270 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64–րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) վերակազմավորման ձևով վերակազմակերպել 100 տոկոս պետական մասնակցությամբ «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն):
2. Սահմանել, որ՝
1) կազմակերպության իրավահաջորդն ընկերությունն է, և վերջինիս են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են կազմակերպության միջոցների հաշվին:
3. Անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով կազմակերպությանը պատկանող` Երևան քաղաքի Մանանդյան փողոցի N 41 հասցեում գտնվող` 9,169,623,566.0 դրամ սկզբնական և 7,350,621,856.0 դրամ հաշվեկշռային արժեքով 3658.9 քառ. մետր մակերեսով մարզական համալիրը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.88463 հեկտար հողամասը, ինչպես նաև մարզական համալիրում գտնվող շարժական և անշարժ գույքը՝ համաձայն N 1 հավելվածի, հետ վերցնել կազմակերպությունից և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել ընկերությանը, իսկ կազմակերպության սեփականությունը հանդիսացող գույքը` համաձայն N 2 հավելվածի, սեփականության իրավունքով փոխանցել ընկերությանը:
4. Ընկերությանն ամրացված և փոխանցված գույքի հաշվին ձևավորված պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել՝
ա. վերակազմավորման կարգը և պայմանները, փոխանցման ակտը,
բ. ընկերության կանոնադրությունը,
գ. բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները, կանոնադրական կապիտալի չափը,
2) ձևավորել ընկերության գործադիր մարմին և վերստուգող հանձնաժողով (վերստուգող),
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել՝
ա. ընկերության պետական գրանցումը,
բ. կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցումը: