14 Մարտի 2019, 244 - Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին ստորագրված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» ֆինանսավորման և Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրերի (այսուհետ` ծրագրեր) շրջանակներում ձեռք բերված և կառուցված գույքի շահագործումը ծրագրերի պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ) (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Ազատության 1/21, 40, գրանցման համարը` 03Ա 065375) ժամանակավոր պահատվության հանձնված 22587500 դրամ ընդհանուր սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող անասնաբուժական սարքավորումները և գործիքները` համաձայն NN 1 և 2 հավելվածների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել հիմնադրամին՝ պայմանով, որ հիմնադրամն այդ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կհանձնի ծրագրերի պահանջներին համապատասխան չափորոշիչներով ընտրված և համայնքներում անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբույժներին` նպատակային օգտագործման համար:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Տավուշի մարզերի համապատասխան համայնքների վարչական տարածքներում գտնվող` 1064537197 դրամ ընդհանուր սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի ջրարբիացման համակարգերը` համաձայն N 3 հավելվածի, նվիրաբերել նույն համայնքներին` համապատասխան համայնքի արոտավայրերի ջրարբիացման բարելավման և անասնապահության զարգացման նպատակով օգտագործելու պայմանով:
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի համապատասխան համայնքներում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներին ժամանակավոր պահատվության հանձնված` 226895583 դրամ սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկան նվիրաբերել նույն կոոպերատիվներին` համաձայն N 4 հավելվածի` կոոպերատիվների կանոնադրական խնդիրներին համապատասխան տվյալ համայնքում անասնապահության զարգացման նպատակով օգտագործելու պայմանով:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել`
1) սույն որոշման NN 1, 2, 3 և 4 հավելվածներում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը հիմնադրամի, համապատասխան համայնքների և կոոպերատիվների հետ.
2) սույն որոշման NN 1, 2, 3 և 4 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը.
3) նվիրաբերվող գույքի նվիրաբերության պայմանների սահմանումը նվիրաբերության մասին պայմանագրերում` ծրագրերի պահանջներին համապատասխան` դրանցում նախատեսելով, որ գույքը նվիրաբերության պայմաններին անհամապատասխան օգտագործելու դեպքում նվիրաբերողն իրավունք ունի պահանջելու նվիրաբերության վերացում: