Կառավարության որոշումներ

28 Փետրվարի 2019, 227 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 2-րդ կետերը` 2014 թվականի օգոստոսի 6-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում ձեռք բերված գույքի շահագործումը ծրագրի պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերի համապատասխան համայնքներում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներին ժամանակավոր պահատվության հանձնված` 188 236 968 դրամ սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքը նվիրաբերել նույն կոոպերատիվներին` համաձայն N 1 հավելվածի` կոոպերատիվների կանոնադրական խնդիրներին համապատասխան տվյալ համայնքում անասնապահության զարգացման նպատակով օգտագործելու պայմանով:
2. «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ժամանակավոր պահատվության հանձնված` 41 318 000 դրամ սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքից՝ Ատոմային էմիսիոն սպեկտրաչափ 4200 ՄՊ-ԱԷՍ գույքն անհատույց, անժամկետ օգտագործման, իսկ Քարշիչ պահարան ՇՎԼ-05.3, Անալիտիկ կշեռք Սիտիզեն ՍիԻքս 220, Իոնաչափ լաբորատոր սարք Մելտեր Տօլեդօ Էս 200, Տեխնիկական կշեռք Սիտիզեն Էս Ջի 1202, Ջրային բաղնիք ՊԷ-4300, Հողի լաբորատոր աղաց ԷՄԷրՑէ ԿՄ-400 գույքը սեփականության իրավունքով հանձնել նույն պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ժամանակավոր պահատվության հանձնված` 2016 թվականի արտադրության, 2 600 000 դրամ սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող մանրազերծող սարքավորումը (քանակը՝ 1 հատ, մոդելը՝ SST-30) սեփականության իրավունքով հանձնել նույն պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ երկամսյա ժամկետում ապահովել`
1) սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան կոոպերատիվների հետ.
2) սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում և սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:
5. Նվիրաբերվող գույքի նվիրաբերության պայմանները սահմանել նվիրաբերության մասին պայմանագրերում` ծրագրի պահանջներին համապատասխան` դրանցում նախատեսելով, որ գույքը նվիրաբերության պայմաններին անհամապատասխան օգտագործելու դեպքում նվիրաբերողն իրավունք ունի պահանջելու նվիրաբերության վերացում: Սույն որոշման N 1 հավելվածում նշված գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառումն իրականացվում է համապատասխան կոոպերատիվների միջոցների հաշվին:

Հավելված