Կառավարության որոշումներ

7 Մարտի 2019, 186 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1 ին և 3-րդ մասերը, 34-րդ հոդվածի 1-3-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) I բաժնի երկրորդ պարբերության 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) երիտասարդ ընտանիք` ընտանիք, որտեղ ամուսինների տարիքների հանրագումարը չի գերազանցում 70-ը, կամ երեխա ունեցող միայնակ երիտասարդ ծնող».
2) IV բաժնի չորրորդ պարբերության՝
ա. 2-րդ կետում «3-րդ կետով» բառերը փոխարինել «3-րդ և 3.1-ին կետերով» բառերով,
բ. 3-րդ կետը «կանխավճարը» բառից հետո լրացնել «երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի դեպքում» բառերով,
գ. 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. վարկառուի կողմից, բացի տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող՝ ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք: Ընդ որում, նշված պայմանի առկայության դեպքում երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) բնակարանի ձեռքբերման համար տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքի 70 տոկոսը: Ֆինանսական կազմակերպություններն ազատ են որպես գրավ ընդունելու կամ չընդունելու, բացի ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, գրավադրվող այլ բնակելի անշարժ գույք, կամ՝»,
դ. 3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն՝ երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի դեպքում` այդ բնակարանի արժեքի 30 տոկոսի և վարկառուի կողմից 10 կամ ավելի տոկոսի չափով կատարված կանխավճարի տարբերության չափով: Ապահովագրության պահանջը դադարում է գործել այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում վարկ/գրավ հարաբերակցությունը հասնում է 70 տոկոսի:»,
ե. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևանում տրամադրված հիփոթեքային վարկերի կանխավճարը առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի դեպքում կարող է կազմել ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 7.5 տոկոսը, եթե՝
ա. վարկառուի կողմից, բացի տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող՝ ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք: Ընդ որում, նշված պայմանի առկայության դեպքում առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բնակարանի ձեռքբերման համար տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքի 80 տոկոսը: Ֆինանսական կազմակերպություններն ազատ են որպես գրավ ընդունելու կամ չընդունելու, բացի ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, գրավադրվող այլ բնակելի անշարժ գույք, կամ՝
բ. վարկառուի կողմից, բացի տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող՝ ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, տրամադրվում է նաև երաշխավորություն` վարկ ստանալու մասին դիմումը ներկայացնելու պահին Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված՝ 1-300-րդ տեղերն զբաղեցնող իրավաբանական անձանց կողմից: Ընդ որում, ֆինանսական կազմակերպություններն ազատ են ընդունելու կամ չընդունելու երաշխավորող իրավաբանական անձանց երաշխավորությունները, կամ՝
գ. առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն՝ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի դեպքում` այդ բնակարանի արժեքի 20 տոկոսի և վարկառուի կողմից 7.5 կամ ավելի տոկոսի չափով կատարված կանխավճարի տարբերության չափով: Ապահովագրության պահանջը դադարում է գործել այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում վարկ/գրավ հարաբերակցությունը հասնում է 80 տոկոսի:»:
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերի վրա։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։