Կառավարության որոշումներ

28 Փետրվարի 2019, 175 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 342-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի «Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման մասին» N 342-Ն որոշումը։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և «Նաս Ջեներալ Թրեյդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվող հաշտության համաձայնագիրը՝ համաձայն հավելվածի։
3. Սույն որոշման 2-րդ կետով հաստատված համաձայնագրի հիման վրա 3 միավոր տրակտորներն ընդունելու նպատակով ստեղծել հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (մեկ անդամ) և Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության (մեկ անդամ) ներկայացուցիչներին։
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝
1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և «Նաս Ջեներալ Թրեյդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2017 թվականի հոկտեմբերի 19-ին կնքված ՀՀ ԳՆ-ԲՄԱՊՁԲ-17/2-ԳՏՊՏ-54 պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) շրջանակներում ապահովել դատարանից հայցը հետ վերցնելու գործընթացը.
2) կազմակերպել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և «Նաս Ջեներալ Թրեյդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվող հաշտության համաձայնագրի կնքման գործընթացը.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
ա. մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն սույն որոշման 2-րդ կետով հաստատված համաձայնագրով ընդունված 3 միավոր տրակտորի մաքսազերծման, 7 միավոր տրակտորի՝ «Ապավեն Տերմինալ» փակ բաժնետիրական ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում` պահպանման հետ կապված ծախսերը, ինչպես նաև պայմանագրի ապահովման գումարը և այլ ծախսեր Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կատարելու վերաբերյալ.
բ. 10-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հանձնաժողովի անհատական կազմը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված