Կառավարության որոշումներ

28 Փետրվարի 2019, 170 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ «ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 531-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի առաջին, երկրորդ և երրորդ պարբերություններով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. 2019 թվականի հուլիսի 1-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ՝ հիմնարկ) գործունեությունը:
2. Սահմանել, որ հիմնարկի գործառույթները շարունակելու է իրականացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը` «Ծրագրերի իրականացման վարչություն» հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման միջոցով (այսուհետ՝ ստորաբաժանում):
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝
1) մինչև 2019 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Ծրագրերի իրականացման վարչություն» հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 699-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ.
2) հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով մինչև 2019 թվականի ապրիլի 15-ը ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին.
3) հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնարկի գործունեության դադարեցման արդյունքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում այն հաշվառումից հանելու գործընթացը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության միջոցների հաշվին.
4) մինչև 2019 թվականի հունիսի 1-ը Համաշխարհային բանկի և (կամ) այլ միջազգային կազմակերպությունների հետ քննարկել վերջիններիս ֆինանսավորմամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային համաձայնագրերով հիմնարկին վերապահված գործառույթների իրականացման հետ կապված հնարավոր խնդիրները՝ անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով նախաձեռնելով վարկային և դրամաշնորհային համաձայնագրերում փոփոխությունների և լրացումների կատարման գործընթացը:
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնարկի գործունեության դադարեցման պահից վերջինիս ամրացված գույքն ամրացնել, իսկ դեբիտորական և կրեդիտորական պարտքերը փոխանցել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը:
5. 2019 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» և «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկների կանոնադրությունները և կառուցվածքը հաստատելու մասին» N 531-Ն որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: