Կառավարության որոշումներ

15 Փետրվարի 2019, 109 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի Դանիել Վարուժանի փողոցի N 22 հասցեում գտնվող՝ 1860.26 քառ. մետր մակերեսով՝ կարգավիճակը չորոշված շինությունները (իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 090320017-04-0017) և 0.42 հեկտար մակերեսով հողամասը՝ համաձայն N 1 հավելվածի, ինչպես նաև ջրահեռացման համակարգը՝ համաձայն N 2 հավելվածի, 82312133 դրամ հաշվեկշռային արժեքով հետ վերցնել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեից և նվիրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքին:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի ղեկավարի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի միջոցների հաշվին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ նվիրատվությամբ հանձնված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պահպանումն ու շահագործումն ապահովելու նպատակով Փարաքարի համայնքի 2019 թվականի բյուջեում կատարել համապատասխան վերաբաշխում.
2) Փարաքարի համայնքի կոյուղագծերի մաքրման կայանի վերականգնման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունից սուբվենցիա ստանալու նպատակով սահմանված կարգով ներկայացնել համապատասխան հայտ:
Հավելված