Կառավարության որոշումներ

31 Հունվարի 2019, 60 - Ա

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը և «Բաժնետիրական ընկերութունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետը, 67-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է՝
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Ալեք Մանուկյան 5, պետական գրանցման համարը՝ 273.140.01376):
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) ներկայացուցիչներին:
3. Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին՝ լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
4. Սահմանել, որ՝
1) պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: