Կառավարության որոշումներ

31 Հունվարի 2019, 55 - Ա

«ՇԻՐԱԿԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետը, 67-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Գյումրի, Աբովյան 248, պետական գրանցման համարը՝ 29.140.00738):
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
4. Սահմանել, որ՝
1) պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
5. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ պարտատերերի պահանջները բավարարելուց հետո «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերության մնացած գույքը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին անցնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» և «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերություններին այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, ըստ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից առաջարկվելիք համամասնության: