17 Հունվարի 2019, 45 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը և «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ 2018 թվականի սեպտեմբերի 12-ին Ալմաթիում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:
3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու մասին որոշման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանին։