10 Հունվարի 2019, 1 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածով, 68-րդ հոդվածի 2-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետով և 25-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) (պետական գրանցման համարը՝ 273.210.62516, քաղ. Երևան, Աբովյան 9):
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝
1) կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի (համաձայնությամբ) ներկայացուցիչներին.
2) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո վեցամսյա ժամկետում ապահովել կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին.
3) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը.
4) կազմակերպության լուծարման աշխատանքներն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցումը:
3. Սահմանել, որ՝
1) կազմակերպության լուծարումից հետո սեփականության իրավունքով պատկանող գույքը անհատույց հանձնվում է կոմիտեին.
2) կազմակերպության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը: