Կառավարության որոշումներ

6 Դեկտեմբերի 2018, 1419 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ` ԱՌԱՋԻՆ ԿԱՄ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱ-ԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահին` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն նախորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության համապատասխան տարածաշրջաններում (ըստ մարզերի և Երեւան քաղաքի) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների` ձևավորված շուկայական միջինացված գների մասին` սույն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի պայմաններին համապատասխան:
3. Սահմանել, որ՝
1) սույն որոշման պահանջների համաձայն բնակարանային ապահովության իրավունքը տարածվում է նաև մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն և 2017 թվականի օգոստոսի 10-ի N 1016-Ն որոշումներով սահմանված կարգով որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված՝
ա. 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող այն նախկին զինծառայողների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, սակայն նախկին զինծառայողի և օրենքով սահմանված՝ նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով բնակելի տարածության բնակելի մակերեսը կազմում է 5.5 քառ. մետրից պակաս,
բ. 3-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող այն նախկին զինծառայողների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որը, սակայն՝ 4-րդ աստիճանի վթարային է և քանդման ենթակա, կամ նախկին զինծառայողի և օրենքով սահմանված՝ նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով սեփականության իրավունքով բնակելի տարածության բնակելի մակերեսը կազմում է 5.5 քառ. մետրից պակաս,
2) սույն կետի 1-ին ենթակետում նախատեսված 2-րդ կամ 3-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների բնակարանային ապահովումն իրականացվում է սույն որոշման հավելվածի 6-րդ կետում սահմանված հաջորդական առաջնահերթությունը հաշվի առնելով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված