Կառավարության որոշումներ

29 Նոյեմբերի 2018, 1377 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) իր ենթակայության՝ 18922,39 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ընդերքաբան» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (իրավաբանական հասցեն` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Չարենցի փող. N 46, գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, քաղ. Բյուրեղավան, Զորավար Անդրանիկի փող. N 40/25) 100 տոկոս պետական բաժնետոմսերը (20 հատ հասարակ անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 36610 դրամ անվանական արժեքով) մասնավորեցնել դասական աճուրդով:
2. Սահմանել (հաշվետու ժամանակահատվածի՝ 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ) ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2018 թվականի սեպտեմբերի 7-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը՝ 2023,99 հազ. դրամ:
3. Ընկերության գնահատված պարտավորությունները կազմել են 16898,4 հազ. դրամ, այդ թվում՝
1) կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 5018,6 հազ. դրամ.
2) կրեդիտորական պարտքեր՝ աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 8345 հազ. դրամ.
3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)՝ շահաբաժնի գծով՝ 419,9 հազ. դրամ (2018 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ կազմում է 425.0 հազ. դրամ).
4) այլ կրեդիտորական պարտքեր՝ 3114,9 հազ. դրամ:
4. Կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել 2 աճուրդ, ընդ որում, երկրորդ աճուրդն անցկացնել առաջին աճուրդը չկայանալու դեպքում՝ 15 օր հետո՝ նույն պայմաններով.
2) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդների անցկացման պայմանների, ժամկետների, աճուրդների մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի, բաժնետոմսերի արժեքի որոշման համար նախատեսված՝ 222,811 հազ. դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ՝
ա. գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարման և պահառության դիմաց վճարումները,
բ. մասնավորեցման մասին պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում՝ բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում կատարել բաժնետոմսերի ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպությունում:
5. Աճուրդին մասնակցության նախավճարը սահմանել աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ և չի վերադարձվում, եթե հաղթող մասնակիցը սահմանված ժամկետում չի կատարում հետագա վճարումները:
6. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի: