15 Նոյեմբերի 2018, 1313 - Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Ռոյալ Գլաս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 16-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Ռոյալ Գլաս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները: