Կառավարության որոշումներ

15 Նոյեմբերի 2018, 1276 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՄԻՋԵՎ «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ» ԿԻՐԱՐԿՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը և «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը՝ կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ 2018 թվականի փետրվարի 12-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով՝ դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:
3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին: