Կառավարության որոշումներ

27 Սեպտեմբերի 2018, 1074 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԸ «ՎԱՆԱՁՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի համայնքի ավագանու 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ 81 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Լոռու մարզ, Վանաձորի համայնք, Գ. Նժդեհի փողոց 2/42 հասցեում գտնվող՝ 3,21666 հեկտար մակերեսով (կադաստրային ծածկագիրը 06-001-0347-0181) և 145,521,698 (մեկ հարյուր քառասունհինգ միլիոն հինգ հարյուր քսանմեկ հազար վեց հարյուր իննսունութ) դրամ կադաստրային արժեքով հողամասը և, որպես պետական սեփականություն, ամրացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին:
2. Առաջարկել «Տաշիր» բարեգործական հիմնադրամին Վանաձոր քաղաքի Գ. Նժդեհի փողոց 2/42 հասցեում գտնվող՝ 3,21666 հեկտար հողամասի տարածքում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Ֆիլիշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կատարված կառուցման շինարարական աշխատանքների` 1,058,993,172 (մեկ միլիարդ հիսունութ միլիոն ինը հարյուր իննսուներեք հազար մեկ հարյուր յոթանասուներկու) դրամ սկզբնական արժեքով արդյունքը, որը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից ընդունվել է 2018 թվականի օգոստոսի 10-ի՝ Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի համաձայն և փաստագրվել 2018 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 59 ավարտական ակտի (շահագործման թույլտվության) համաձայն, անհատույց գործարքի միջոցով հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված անհատույց գործարքի միջոցով արդյունքների ընդունումը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ կնքել համապատասխան պայմանագիր:
4. Վանաձոր քաղաքի Գ. Նժդեհի փողոց 2/42 հասցեում գտնվող՝ 3,21666 հեկտար հողամասի տարածքում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով իրականացված և սույն որոշման 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հանձնված կառուցման աշխատանքների արդյունք հանդիսացող շենք-շինությունների, ինչպես նաև նույն տարածքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով կառուցված և 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 52 ավարտական ակտի (շահագործման թույլտվության) համաձայն փաստագրված շենք-շինությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցելուց հետո շենքերը` կառուցման աշխատանքների արժեքներով` 4,883,114,172 (չորս միլիարդ ութ հարյուր ութսուներեք միլիոն մեկ հարյուր տասնչորս հազար մեկ հարյուր յոթանասուներկու) դրամով (54,194,400 դրամ` նախագծանախահաշվային աշխատանքների մշակում և համաձայնեցում, 3,705,605,000 դրամ` հիմնական մասնաշենքի կառուցման աշխատանքներ, 45,659,400 դրամ` որակի տեխնիկական հսկողություն, 18,662,200 դրամ` հեղինակային հսկողություն, 1,058,993,172 դրամ` ծննդատան մասնաշենքի կառուցում) ներդնել «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալ` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխման միջոցով համապատասխանաբար ավելացնելով «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում՝ ապահովել Վանաձորի քաղաքապետի հետ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրատվության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) ապահովել «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը, կանոնադրության մեջ փոփոխությունների կատարումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը.
3) սույն կետի 1-ին ենթակետում նշված հողամասի նվիրատվության մասին պայմանագրի կնքման, հողամասի, ինչպես նաև սույն որոշման 4-րդ կետում նշված շենք-շինությունների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման, «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման, կանոնադրության մեջ փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգում սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: