9 Օգոստոսի 2018, 880 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակմանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» ենթակետով.
«գ) կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները՝ համաձայն N 3 հավելվածի:».
2) 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին և 1.2-րդ կետերով.
«1.1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակահարմարության դեպքում կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից համապատասխան բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզավորման համար հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները:
1.2. Սահմանել, որ`
1) սույն որոշման N 3 հավելվածի 1-ին գլխում ներկայացված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները պարտադիր ապահովվում են կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից քրեակատարողական հիմնարկներում ծավալվող գործունեության շրջանակներում.
2) սույն որոշման N 3 հավելվածի 2-րդ գլխում ներկայացված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները պարտադիր ապահովվում են կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից դրանց գործունեության հիմնական վայրում:».
3) որոշումը լրացնել նոր՝ N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի.
4) որոշման N 2 հավելվածի «N 2 հավելվածի պարզաբանում» բաժինը վերջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կալանավորված անձանց և դատապարտյալների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով, հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկների տեղակայվածությունը, մարզերի (Շիրակ, Լոռի, Սյունիք) 110 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատություններում, իսկ Երևան քաղաքում՝ 500 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատություններում, առանձնացվում է առնվազն 10 մահճակալ ունեցող, երկաթե ճաղավանդակներով և երկաթե դռներով ամբողջովին մեկուսացված, տեսախցիկներով վերահսկվող բաժանմունք, որի պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի օգոստոսի 15-ից` բացառությամբ`
1) սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակումից՝
ա. մեկ տարի հետո Երևան քաղաքի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող 500 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատությունների համար,
բ. երկու տարի հետո մարզերի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող 110 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատությունների համար.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման N 3 հավելվածով նախատեսված բուժաշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայության մասին նորմերի, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի օգոստոսի 15-ից: