21 Հունիսի 2018, 698 - Ա
«ԱՐՄԱՎԻՐԻ ՄՏԱՎՈՐ ԹԵՐԶԱՐԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ N 15 ՀԱՏՈՒԿ (ՕԺԱՆԴԱԿ) ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 15 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 31.210.01075) վերանվանել «Արմավիրի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ կազմակերպություն):
2. Սահմանել, որ կազմակերպությունը երկրորդ՝ տարածքային մակարդակում երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որի՝
1) նպատակն իր սպասարկման տարածքի ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանն աջակցելն է.
2) գործունեության առարկան կրթության կազմակերպման ոլորտում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցումն է:
3. Թույլատրել կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) ուսումնական և մեթոդական գրականության մշակում և հրատարակում.
2) դիդակտիկ նյութերի և պարագաների ստեղծում.
3) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում՝ 18-ից բարձր տարիք ունեցող (հանրակրթության մեջ չընդգրկված) անձանց.
4) փորձագետ-մասնագետների կողմից մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում:
4. «Արմավիրի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի հետ համատեղ ապահովել կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) երկամսյա ժամկետում հաստատել կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ:
6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝
1) ապահովել կազմակերպությունում սովորողների՝ հանրակրթական ծրագրով հետագա ուսումնառությունը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն կազմակերպությանը հատկացվող տարածքի վերաբերյալ:
7. Կազմակերպության անվանափոխության հետ կապված պետական գրանցման և կնիքի ձեռքբերման ծախսերը կատարել կազմակերպության միջոցների հաշվին: