8 Հունիսի 2018, 666 - Ն
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱ-ՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒ-ԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ, ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 9-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ե.1-ին ենթակետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողի և պետական մարմինների կողմից հրապարակային հաշվետվությունը ներկայացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ընդերքօգտագործողի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) բնապահպանության նախարարության կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության ձևը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) hամայնքի ղեկավարի կողմից տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը տրամադրվող հրապարակային հաշվետվության ձևը՝ համաձայն N 5 հավելվածի.
6) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից իր պաշտոնական ինտերնետային կայքում օգտակար հանածոյի արդյունահանման և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության մասով գործունեության վերաբերյալ տեղեկատվության հրապարակման ձևը և կարգը՝ համաձայն N 6 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) ընդերքօգտագործողները և պետական մարմինները հրապարակային հաշվետվությունները ներկայացնում են ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվա հուլիսի 1-ը, իսկ 2018 թվականին՝ ոչ ուշ, քան մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ը.
2) hամայնքների ղեկավարները հրապարակային հաշվետվությունները տարածքային կառավարման և զարգացման նախարարությանն են տրամադրում ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվա հունիսի 15-ը, իսկ 2018 թվականին՝ ոչ ուշ, քան մինչև 2018 թվականի հուլիսի 15-ը.
3) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից իր պաշտոնական ինտերնետային կայքում օգտակար հանածոյի արդյունահանման և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության մասով գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է ոչ ուշ, քան մինչև 2018 թվականի հունիսի 15-ը, իսկ մետաղական օգտակար հանածո արդյունահանող ընդերքօգտագործողների հետ կնքված ընդերքօգտագործման պայմանագրերը և դրանցում կատարվող փոփոխությունները՝ ոչ ուշ, քան մինչև 2018 թվականի հունիսի 20-ը:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ընդերքօգտագործողների և պետական մարմինների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվությունների ձևաթղթերը «էքսելս» («xls») ձևաչափով տեղադրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքերում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։