9 Փետրվարի 2006, 146 - Ն
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 341 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 79-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ծառայության ժամանակ զոհված (մահացած) փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի «Վարժական հավաքների և զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին» N 341 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը», իսկ 6-րդ կետից` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը» բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։