Կառավարության որոշումներ

11 Մայիսի 2018, 558 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 12-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ցանկում ընդգրկված Տաշիրի կինոցանցի գույքը` 2253.1 քառ. մետր մակերեսով շենքը և սեփականության իրավունքով հատկացված 0,3 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) (գտնվելու վայրը՝ քաղ. Տաշիր,
Վ. Սարգսյան փողոցի 4-րդ թաղ. N 36/1, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 0224671, տրված` 15.10.2000 թ.) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքին (այսուհետ՝ գնորդ)՝ վաճառքի գին սահմանելով 1000 դրամ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
1) մեկ տարվա ընթացքում ապահովել կինոթատրոնի շենքի քանդման և շինարարական աղբի տեղափոխման, հարակից այգու հիմնման և բարեկարգման աշխատանքների իրականացումը՝ այդ նպատակով կատարելով 32 մլն դրամի ներդրումներ.
2) համայնքի միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է վճարումները կատարել եռամսյա ժամկետում` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Տաշիրի համայնքի ֆոնդային բյուջե։