26 Ապրիլի 2018, 535 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ «ՄԱՍՐԻԿ – 1» ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշման 9-րդ կետով և հաշվի առնելով նշված որոշման N 2 հավելվածի 5.1.9-րդ կետին համապատասխան ձևավորված գնահատող հանձնաժողովի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Մասրիկ–1» արևային ֆոտովոլտային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակում անցկացված գնման ընթացակարգի արդյունքները՝ գնման ընթացակարգի հաղթող (ընտրված հայտատու) ճանաչելով «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V.) (Նիդերլանդներ) – «ԷֆԷսԷլ Սոլար» Էս. էլ. (FSL Solar S.L.) (Իսպանիայի Թագավորություն) ընկերությունների կոնսորցիումը։
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշման 3-րդ կետով հավանության արժանացած՝ Կառավարության աջակցության համաձայնագրի նախագիծը:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին`
1) ապահովել գնման ընթացակարգի պատվիրատուի՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (այսուհետ՝ պատվիրատու) կողմից սույն որոշման 1-ին կետով գնման ընթացակարգի հաղթող (ընտրված հայտատու) ճանաչված ընկերությունների կոնսորցիումին ծրագրի շնորհման վերաբերյալ գրության տրամադրումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշման N 2 հավելվածի 8.2-րդ կետով սահմանված կարգին համապատասխան․
2) համագործակցելով պատվիրատուի հետ՝ կազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշման 3-րդ կետով հավանության արժանացած՝ Կառավարության աջակցության համաձայնագրի նախագծի ստորագրման գործընթացը՝ առաջնորդվելով սույն որոշման 2-րդ կետով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշման 4-րդ կետով սահմանված կարգով։