3 Մայիսի 2018, 542 - Ա
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2014 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումների իրականացման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ծրագիրն իրականացնելու նպատակով ապահովել 2014 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն նշանակված լիազոր կազմակերպություններ՝ Հայկական ատոմային էլեկտրակայան փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերության միջև ծրագրի իրականացումն ապահովող համապատասխան լրացուցիչ համաձայնագրի ստորագրումը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` համագործակցելով «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ` ապահովել 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրում վարկի օգտագործման ժամկետը մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը երկարաձգելու փոփոխության իրականացումը: