Կառավարության որոշումներ

3 Մայիսի 2018, 531 - Ա

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Երևանի պետական համալսարանին առընթեր «Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) իր միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Ազատության 2-րդ նրբանցքի 9 հասցեում գտնվող, հետագա շահագործման համար ոչ պիտանի (վթարային), 75.76 քառ. մետր մակերեսով ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 06022013-01-1903) քանդման (ապամոնտաժման) աշխատանքների իրականացման գործընթացը՝ ապամոնտաժման արդյունքում առաջացած պիտանի գույքն օգտագործելով դպրոցի նոր մուտքի կառուցման և ցանկապատի ամրացման աշխատանքներում:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ քանդման աշխատանքների ավարտից հետո ապահովել «Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից շինարարական փաստաթղթերի բնօրինակները, ինչպես նաև պետական գրանցում իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրումը՝ սահմանելով, որ աշխատանքների ավարտից հետո պետական գրանցման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ ծախսերը կատարվելու են «Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: