12 Ապրիլի 2018, 466 - Ա
«ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածը, 67-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետը, 68-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Վարդենիսի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան 34 հասցեում գտնվող` 4657.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 28,880.77 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շենք, շինություններով և դրանց սպասարկման ու օգտագործման համար հատկացված` 0.99 հեկտար հողամասով, ինչպես նաև շարժական գույքով՝ համաձայն հավելվածի (այսուհետ` գույք), վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը, որից հետո օրենքով սահմանված կարգով լուծարել ընկերությունը:
3. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկին (այսուհետ՝ հոսպիտալ) հանձնելու նպատակով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով մեկական անդամներ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանից:
6. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո 15-օրյա ժամկետում ապահովել ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
7. Սահմանել, որ`
1) ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) ընկերության լուծարումից հետո ընկերության մնացած գույքն ամրացվում է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին,
3) մինչև ընկերության լուծարման՝ օրենքով սահմանված պետական գրանցումը՝ ընկերությունը շարունակում է իրականացնել տարածաշրջանի բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը` օգտագործելով սույն որոշման 4-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված գույքը:
8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝
1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի հետ համատեղ քննարկել ընկերության նախկին աշխատողներին հոսպիտալում համապատասխան աշխատանք առաջարկելու հարցերը.
2) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ ապահովել հոսպիտալում բնակչության բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման գործընթացը.
3) ապահովել հոսպիտալի կանոնադրությունում և կառուցվածքում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը և դրանց պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.
4) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման մեջ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգում սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ: