Կառավարության որոշումներ

12 Ապրիլի 2018, 426 - Ն

ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ, ՆՈՐՈԳՎՈՂ) ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հիմք ընդունելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը և «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «զ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներկուամսյա ժամկետում՝
1) ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող և կամավոր սկզբունքով կիրառվող ստանդարտների ցանկի հրապարակումը.
2) սահմանել նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտների համապատասխանության սերտիֆիկատի (էներգաարդյունավետության սերտիֆիկատի) ձևը և ձևաթղթի լրացման կանոնները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներկուամսյա ժամկետում մշակել և գործողության մեջ դնել շենքերի էներգաարդյունավետության ապահովման և դրա ցուցանիշների գնահատման նորմատիվ տեխնիկական փաստաթղթերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 18 ամիս հետո՝ բացառությամբ սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 Հավելված