Կառավարության որոշումներ

5 Ապրիլի 2018, 381 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի
605-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Բաղանիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից անհատույց օգտագործման իրավունքով օգտագործվող՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքի Բաղանիս գյուղի 4-րդ փողոց 2/1 հասցեում գտնվող՝ 31814.4 դրամ կադաստրային արժեքով, 0.03314 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքին` նվիրաբերված հողամասում մանկապարտեզ և ապաստարան կառուցելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ՝
1) նվիրաբերվող տարածքում «Փարոս» հիմնադրամի և Հայկական կարմիր խաչի միջոցով մանկապարտեզ և ապաստարան կառուցելու նպատակով մեկ տարվա ընթացքում համապատասխանաբար կիրականացվեն 41 մլն և 6 մլն դրամի ներդրումներ.
2) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին.
3) պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքի միջոցների հաշվին: