Կառավարության որոշումներ

29 Մարտի 2018, 350 - Ն

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել դատարանների և հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ ծառայություն) միջև էլեկտրոնային եղանակով օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) պահանջատիրոջ կողմից թղթային տարբերակով ծառայություն ներկայացված կատարողական թերթը սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 3-րդ կետով սահմանված պատճառներով պահանջատիրոջը հետ վերադարձնելու և վերջինիս կողմից խախտումները վերացնելու համար դատարան ներկայացնելու դեպքում` դատարանը թույլ տված խախտումները վերացնելուց հետո այն ծառայություն է ուղարկում սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգին համապատասխան՝ էլեկտրոնային եղանակով.
2) եթե պահանջատիրոջ կողմից թղթային տարբերակով ծառայություն ներկայացված կատարողական թերթը պահանջատիրոջ դիմումի հիման վրա վերադարձվում է պահանջատիրոջը կամ մինչև որոշման 1-ին կետով սահմանված կարգն ուժի մեջ մտնելն արդեն վերադարձվել է պահանջատիրոջը, ապա պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կրկին անգամ կատարման է ներկայացվում թղթային տարբերակով.
3) թղթային տարբերակով ներկայացված կատարողական թերթի պարզաբանման անհրաժեշտության դեպքում ծառայությունը դիմում է դատարան և ստանում պարզաբանում թղթային տարբերակով:
3. Էլեկտրոնային համակարգի գործարկման և սպասարկման պատասխանատու մարմինն արդարադատության ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունն է:
4. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը և տարածվում 2018 թվականի ապրիլի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հավելված