Կառավարության որոշումներ

29 Մարտի 2018, 336 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասը, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող՝ 10518.2 քառ. մետր մակերեսով, 518221 դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինությունները (այսուհետ՝ գույք) (անշարժ գույքի սեփականության (անհատույց օգտագործման) իրավունքի գրանցման վկայական N 1660543) հետ վերցնել և նվիրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` սույն որոշման 1-ին կետի կատարումն ապահովելու նպատակով երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գետահովտի համայնքի ղեկավարի միջոցով իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքով զբաղեցված և սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ` պետական սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության 8.9 հեկտար հողամասի նպատակային նշանակության փոփոխության գործընթաց:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գետահովտի համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխությունից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ կնքել հողամասի՝ սեփականության իրավունքով անհատույց տրամադրման պայմանագիր և իրականացնել հանձնման-ընդունման աշխատանքներ՝ կնքվող պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշման 2-րդ կետի կատարման ապահովումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումն ու նվիրատվության պայմանագրի կնքումը` դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջոցների հաշվին: