Կառավարության որոշումներ

29 Մարտի 2018, 321 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, 14-րդ, 18-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 6-ի N 277 որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարան» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան, Օրջոնիկիձեի 5/1) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող (14816 հատ, յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով) բաժնետոմսերը (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ՝ «Առողջ ապագա բժշկական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղ. Վաղարշապատ, Չարենցի փող. 5) (այսուհետ` գնորդ):
2. Սահմանել՝
1) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2018 թվականի հունվարի 26-ի դրությամբ գնահատված արժեքը` 134 420 400 դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի վաճառքի գինը՝
134 420 400 դրամ:
3. Ընկերության պարտավորությունները 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 154 000 դրամ (կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին):
4. Բացի նշված պարտավորությունից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում գրավոր առաջարկ տրամադրել նախօրոք հայտնի գնորդին՝ գույքի ձեռքբերման համար գումարի վճարման ժամկետ սահմանելով 6 ամիս.
2) գնորդի կողմից վաճառքի գնի վճարման անդորրագիրը ներկայացնելուց, բաժնետոմսերի արժեքի որոշման համար նախատեսված՝ 240468 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո 7-օրյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
6. Սահմանել, որ գնորդը պարտավորվում է՝
1) իր միջոցների հաշվին վճարել մասնավորեցման պայմանագրի կնքման, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարման և պահառության դիմաց վճարումները.
2) մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում կատարել բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում՝ բաժնետոմսերի ռեեստրի վարումն իրականացնող մասնագիտացված կազմակերպությունում.
3) պահպանել ընկերության՝ մանկական հակատուբերկուլյոզային առողջարանական բուժօգնության ուղղվածությունը:
7. Գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե, ըստ գույքի գտնվելու վայրի: