Կառավարության որոշումներ

6 Մարտի 2018, 291 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն ստեղծելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում թույլատրել ձեռք բերող` «Մայմեխ սկի ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ձեռք բերող), սույն որոշման հավելվածում նշված կոորդինատներին համապատասխանող եզրագծի սահմաններում` 584 հեկտար, իրականացնել օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրություն` կատարել չափագրումներ, նկարահանումներ և կազմել օտարման ենթակա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունները:
2. Ձեռք բերողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմված օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելու օրվանից հետո օտարման ենթակա սեփականության իրավունքի օբյեկտների վրա գործում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները:
3. Սահմանել, որ՝
1) օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրության իրականացման ժամկետը երկու ամիս է` սկսած սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
2) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանն է (այսուհետ՝ լիազոր մարմին).
3) պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա՝ լիազոր մարմնի և ձեռք բերողի միջև կնքված պայմանագրին համապատասխան:
4 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված