Կառավարության որոշումներ

6 Մարտի 2018, 249 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.
«6. Սույն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետը գործում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:».
2) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.
«8) նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական կամ միանվագ վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի, քան ամսական 25000 դրամը:»:
2. Սահմանել, որ՝
1) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված կարգով ընտանեկան դրամագլուխը տնօրինելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը բանկ է ներկայացնում ընտանեկան դրամագլխից պարբերական կամ միանվագ վճարումներ կատարելու մասին դիմում (այսուհետ` դիմում).
2) բանկը մերժում է դիմումը, եթե դիմողն ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձ չէ, կամ չի լրացել նոր ծնված երեխայի մեկ տարին.
3) դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլխից վճարումներ են կատարվում (գումարը փոխանցվում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի ներկայացրած բանկային հաշվին)՝
ա. պարբերական՝ ոչ ուշ, քան դիմում ներկայացնելուն հաջորդող 3-րդ աշխատան-քային օրը, եթե դիմումում նշված չէ այդ օրվան հաջորդող այլ օր, իսկ դիմում ներկայացնելու ամսվան հաջորդող ամիսների համար` ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրը, եթե դիմումում յուրաքանչյուր ամսվա համար նշված չէ այլ օր (բոլոր ամիսների համար` նույն օրը),
բ. միանվագ՝ ոչ ուշ, քան դիմում ներկայացնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը, եթե դիմումում նշված չէ այդ օրվան հաջորդող այլ օր.
4) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված կարգով ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը ծագում է նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից, բայց ոչ ավելի վաղ, քան`
ա. 2018 թվականի հունվարի 1-ից, եթե դիմումը ներկայացվում է մինչև 2018 թվականի մայիսի 1-ը,
բ. դիմելու ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվում է 2018 թվականի մայիսի 1-ին կամ դրանից հետո.
5) սույն որոշման 2-րդ կետը գործում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: