Կառավարության որոշումներ

6 Մարտի 2018, 242 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1271-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացող պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1271-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) 4-րդ կետը «Ընդ որում՝» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարները 2018 թվականի հունվարի 1-ից հարկ վճարողին վերադարձվում են հարկ վճարողի դիմումի հիման վրա այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (միասնական հաշվին փոխանցելու) միջոցով.
2) գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին հարկ վճարողի հարկային պարտավորությունները (բացառությամբ սոցիալական վճարի) սահմանված կարգով հաշվանցվում (մարվում) են գանձապետարանի կողմից վարվող՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշվից՝ առանց այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (միասնական հաշվին փոխանցելու).
3) սույն կարգի 7-րդ կետում նշված դեբետային գումարները՝ բացառությամբ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով դեբետային գումարների, միասնական հաշվում չեն հաշվառվում (միասնական հաշվին չեն փոխանցվում): Այդ գումարների հաշվին հարկ վճարողի հարկային պարտավորությունները, միասնական հաշվում գումարների բացակայության դեպքում, հաշվանցվում (մարվում) են առանց այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (առանց միասնական հաշվին փոխանցելու)՝ բացառությամբ սույն կետի 5-րդ ենթակետում նշված դեպքի: Սույն կարգի 7-րդ կետում նշված դեբետային գումարներում ներառված՝ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով դեբետային գումարները հաշվանցվում և (կամ) վերադարձվում են ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավակարգավորումներին համապատասխան.
4) 2018 թվականի հունվարի 21-ի դրությամբ առկա՝ 2017 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող ավելացված արժեքի հարկի հաշվարկներով առաջացած՝ ավելացված արժեքի հարկի դեբետային գումարները հաշվանցվում (մարվում) են առանց միասնական հաշվում հաշվառվելու (միասնական հաշվին չեն փոխանցվում).
5) 2018 թվականի հունվարի 21-ի դրությամբ առկա՝ 2017 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող ավելացված արժեքի հարկի հաշվարկներով առաջացած՝ ավելացված արժեքի հարկի դեբետային գումարները վերադարձվում են հարկ վճարողի դիմումի հիման վրա՝ այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (միասնական հաշվին փոխանցելու) միջոցով.
6) 2018 թվականի հունվարի 1-ից հետո հարկ վճարողի սոցիալական վճարի պարտավորությունները մարվում են միայն միասնական հաշվում առկա գումարների հաշվին: 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին հարկ վճարողի սոցիալական վճարի պարտավորություններ չեն մարվում:».
2) 5-րդ կետը «կանխավճարները» բառից հետո լրացնել «, հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարը» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ և 10-րդ կետերով.
«9. 2017 թվականի ընթացքում հաշվարկված շահութահարկի, ռոյալթիի կանխավճարների նկատմամբ տույժերի հաշվարկը մինչև տույժերի հաշվարկման՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 447-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետի ավարտը չի դադարում, եթե այդ պարտավորությունները չեն մարվել:
10. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վերջին հաշվետու ժամանակաշրջաններից (2017 թվականի, 2017 թվականի 4-րդ եռամսյակի կամ 2017 թվականի դեկտեմբեր ամսվա) տարբերվող` ավելի վաղ այլ հաշվետու ժամանակաշրջաններին (տարի, եռամսյակ, ամիս) վերագրվող հաշվարկը (հայտարարագիրը, հաշվետվությունը) հարկային oրենսդրությամբ սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում 2018 թվականի հունվարի 1-ից հետո առաջացող տուգանքի գումարները հաշվառվում (անձնական հաշվի քարտերում գրանցվում) են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գոր-ծող կարգով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։