1 Մարտի 2018, 204 - Ն
«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 9-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Սահմանել, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանումը և վերականգնումն է, իսկ գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումն է:
3. Թույլատրել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) բժշկական օգնության և սպասարկման իրականացում (բացառությամբ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տեսակների).
2) առողջապահության ոլորտում գիտաբժշկական, փորձարարական հետազոտությունների, ուսումնասիրությունների իրականացում.
3) մասնագետների համար շարունակական մասնագիտացված զարգացման ծրագրերի մշակում և իրականացում.
4) քրեակատարողական բժշկության ոլորտում կառավարման, ֆինանսավորման, տնտեսավարման ժամանակակից մոդելների, նորմատիվների և ստանդարտների մշակում.
5) կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի քարոզչություն.
6) մասնագիտական հրատարակչական գործունեության իրականացում.
7) առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գիտահետազոտական աշխատանքների իրականացում.
8) առողջապահության ոլորտին վերաբերող սեմինարների, գիտաժողովների և համաժողովների կազմակերպում:
4. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և վերջինիս վերապահել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները:
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում ՝
1) հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.
2) հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվող և սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը.
3) ապահովել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման բաժնի, քրեակատարողական հիմնարկների կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման, բժշկական մասնագիտացված բաժինների, բաժանմունքների, խմբերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել առաջարկություն «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացվող գույքի կազմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման բաժնի, քրեակատարողական հիմնարկների կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման, բժշկական մասնագիտացված բաժինների, բաժանմունքների, խմբերի գործունեության համար նախատեսված տարածքները, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման համար նախատեսված և վարչական տարածքն ընդգրկելու վերաբերյալ.
5) ապահովել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին.
6) հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաստիքների քանակը և անվանացանկը.
7) ապահովել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման բաժնի, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման, բժշկական մասնագիտացված բաժինների, բաժանմունքների, խմբերի հաստիքների՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակ տեղափոխման գործընթացը.
8) ձեռնարկել միջոցներ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կադրերով համալրելու համար.
9) սահմանել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության անձնակազմի՝ իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ մուտքի և ելքի կարգը.
10) ապահովել սույն որոշման ընդունմամբ պայմանավորված կառուցվածքային փոփոխությունների ժամանակահատվածում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման անընդհատությունը:
6. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքը հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ, ըստ սույն որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների արդյունքների, կնքել անշարժ գույքի անհատույց և անժամկետ օգտագործման մասին պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
8. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործառույթներով պայմանավորված գումարների վերաբաշխում կատարելու վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
9. Սահմանել, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իր գործունեությունն սկսում է 2018 թվականի հուլիսի 1-ից:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: