1 Փետրվարի 2018, 77 - Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԼՈԻՍԱՆՇԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և 25-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի կազմից ճանապարհային նշանները, լուսացուցային օբյեկտները, ինչպես նաև շարժական գույքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ համաձայն N N 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝
1) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնում-ընդունումը.
2) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել Երևան քաղաքում ճանապարհային գծանշումների, ինչպես նաև ճանապարհային նշանների և լուսացուցային օբյեկտների պահպանման, տեղադրման, սպասարկման և շահագործման ծառայությունների ձեռքբերումն ու մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպության հետ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումը.
3) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
3. Սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանագիրն ուժի մեջ մտնելուց, ինչպես նաև սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված համաձայնագրերի կնքումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Սեբաստիայի փող., 7, գրանցման համարը՝ 290.210.03401):
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում՝
1) ապահովել «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2009 թվականի հունիսի 22-ին կնքված՝ Երևան քաղաքի Թամանցիների 73 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման N 48/009 և Սեբաստիայի 7 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման N 47/009 պայմանագրերը լուծելու մասին համաձայնագրերի կնքումը.
2) «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով` հանձնաժողովի կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:
5. Սահմանել, որ՝
1) «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ անշարժ գույքն ամրացվելու է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 3 հավելվածի.
2) «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշռի կազմման օրվա դրությամբ այդ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետով նշված անշարժ գույքի հանձնում-ընդունումը: