Կառավարության որոշումներ

9 Նոյեմբերի 2017, 1430 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 15 ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1138-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման լրացուցիչ միջոցառումների իրականացման մասին» N 15 որոշման հավելվածի 7-րդ կետը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին շենք հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 10-ի N 15 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1138-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը։
2. Առաջարկել Գյումրու քաղաքապետին Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի N 2/20 հասցեում գտնվող նախկին «Շիրակ» հյուրանոցի շինության զբաղեցրած և դրա սպասարկման համար նախատեսված 0,3780 հեկտար մակերեսով և 7,234.920 դրամ կադաստրային արժեքով հողամասը` համաձայն N 1 հավելվածի, նվիրել Հայաստանի Հանրապետությանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի նկատմամբ պետության սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շահումյան 123Ա հասցեում գտնվող «Բասենի Գովք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել հողամասի և դրա վրա գտնվող կիսաքանդ շինության նվիրաբերության պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ «Բասենի Գովք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է՝
1) պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում ավարտել սույն որոշման N 2 hավելվածում ներկայացված ներդրումային ծրագիրը՝ ծրագրի իրականացման համար ներդնելով 1,0 մլրդ դրամ.
2) ստեղծել 100-150 նոր աշխատատեղեր.
3) պահպանել և վերականգնել կիսաքանդ շինությունում առկա թեմատիկ քանդակները.
4) պայմանագրով նախատեսված աշխատանքները երեք տարվա ընթացքում չավարտելու դեպքում հողամասը և դրա վրա կատարված ներդրումներն ու անբաժանելի շինությունները վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված