11 Հունվարի 2018, 5 - Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ «ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 81-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «գ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Պարկ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն ստեղծելու ներդրումային ծրագրին (այսուհետ՝ ներդրումային ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում գտնվող 27,66 հեկտար պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերի նպատակային նշանակության փոխադրումը հատուկ պահպանվող տարածքների հողերի նպատակային նշանակության՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված 27,66 հեկտար պետական սեփականություն հանդիսացող հողամասը (այսուհետ՝ հողամաս) ներդրումային ծրագրի իրականացման նպատակով, առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով տրամադրել «Պարկ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ հետևյալ պայմաններով՝
1) հողամասը ենթակա է օգտագործման կանաչապատման (այգու ստեղծման), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ նպատակներով օգտագործելու համար, այդ թվում՝ ոչ հիմնական շինություններ տեղադրելու, ճանապարհներ, արահետներ, ավտոկանգառներ և բարեկարգման այլ տարրեր ստեղծելու նպատակով.
2) հողամասի կանաչ գոտին չի կարող պակաս լինել դրա ընդհանուր մակերեսի 70 տոկոսից:
4. Հողամասի վարձավճարի չափ սահմանել հողի հարկի, իսկ 2019 թվականից՝ անշարժ գույքի հարկի տարեկան դրույքաչափի չափով:
5. Թույլատրել «Պարկ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացումն լիարժեք ապահովելու նպատակով գրավադրել հողամասի վարձակալության իրավունքը:
6. Թույլատրել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Պարկ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր՝ համաձայն N 3 հավելվածի՝ նախապես լուծելով նախկինում այլ անձանց հետ կնքված հողամասերի օգտագործման (վարձակալության) պայմանագրերը:
7. Սահմանել, որ՝
1) ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողամասի կառուցապատման հարցերի հստակեցումից հետո հողամասի մի մասը, բայց ոչ ավելի քան դրա ընդհանուր մակերեսի 7 տոկոսը, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրվում է «Պարկ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ թույլատրելով Երևանի քաղաքապետին «Պարկ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել՝
ա. սույն որոշման 6-րդ կետով նախատեսված հողամասի վարձակալության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր,
բ. կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրեր՝ համաձայն N 4 հավելվածի.
2) կառուցապատման իրավունքի վրա տարածվում են սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերի պահանջները:
8. Ընդունել ի գիտություն, որ՝
1) հողամասի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերի, հողամասի վարձակալության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրերի նոտարական վավերացման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման հետ կապված ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են «Պարկ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասի նկատմամբ սահմանված կարգով օգտագործման իրավունք ունեցող անձանց, ինչպես նաև հողամասի փաստացի օգտագործողներին, հողամասի ազատման և (կամ) պայմանագրի լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն ամբողջությամբ հատկացվում են «Պարկ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, որն այդ ֆինանսական միջոցները տրամադրում է «Երևան» հիմնադրամին:
Ընդ որում՝ տրամադրված ֆինանսական միջոցները ներառվում են ներդրումային ծրագրի արժեքում:
Հավելված