11 Հունվարի 2018, 15 - Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ ու 688-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով, 5-րդ ու 6.2-րդ կետերով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Արշակունյաց 2ա հասցեում գտնվող շենքի տեխնիկական հարկից՝ 8 056 000 դրամ գնահատված արժեքով, 76.4 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) 5 (հինգ) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Արտ Սոսե» մշակութային հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն)` (գտնվելու վայրը՝ Հովնաթան 12 փող. /Տ/ 71, Մալաթիա-Սեբաստիա 0032 Երևան, Հայաստան)՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում սահմանելով, որ՝
1) կազմակերպության կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում՝ սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.
2) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին: