Կառավարության որոշումներ

28 Դեկտեմբերի 2017, 1726 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.5-րդ կետով.
«4.5. 2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ ստանալու նպատակով ծրագրային հայտերը համայնքների ղեկավարները (բացառությամբ Երևանի քաղաքապետի) ներկայացնում են համապատասխան մարզպետին 2018 թվականի հունվարի 15-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում։ Մարզպետը հայտն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում տալիս է դրական կամ բացասական եզրակացություն։ Համապատասխան եզրակացությամբ համայնքի ղեկավարը ծրագրային հայտը ներկայացնում է սուբվենցիաների հայտերի գնահատման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին (այսուհետ՝ հանձնաժողով), որն էլ 15-օրյա ժամկետում գնահատում է հայտը և տալիս եզրակացություն։
Երևանի քաղաքապետը, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ հաստատված սուբվենցիաներից բացի, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ սուբվենցիաների հայտերն ուղղակի ներկայացնում է հանձնաժողով։
Հանձնաժողովն իր դրական կամ բացասական եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և համապատասխան մարզպետին (Երևան քաղաքի գծով` նաև Երևանի քաղաքապետին)՝ համայնքի ղեկավարին տեղեկացնելու նպատակով։
Հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարն օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն` ծրագիրը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեից համապատասխան համայնքին սուբվենցիայի տեսքով միջոցներ հատկացնելու վերաբերյալ։
Հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: