21 Դեկտեմբերի 2017, 1679 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ ՄԱՍՐԻԿ-1 ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐԻՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 836-Ն որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 53 նիստի 37-րդ արձա-նագրային որոշումը և, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ–1 արևային ֆոտովոլտային ծրագիրն իրականացվելու է պետական-մասնավոր գործընկերության շրջանակում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ–1 արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը՝ համաձայն N 1 hավելվածի:
2. Հավանություն տալ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ–1 արևային ֆոտովոլտային ծրագրի գնման ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին (այսուհետ՝ հրավեր)՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հավանություն տալ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ–1 արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում կառավարության աջակցության համաձայնագրի նախագծին՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Սահմանել, որ գնման ընթացակարգի շրջանակում հաղթողի (ընտրված մասնակցի) ընտրությունը կազմակերպվելու է սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած հրավերով սահմանված կարգով։
5. Գնման ընթացակարգի համակարգման գործառույթները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին։
6. Գնման ընթացակարգի շրջանակում գնման պատվիրատուի լիազորությունները վերապահել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին (այսուհետ՝ պատվիրատու)։
7. Սահմանել, որ նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորա-կավորված մասնակիցներին մրցութային փուլում տրամադրվելիք հետևյալ փաստաթղթերը հաստատվում են պատվիրատուի կողմից՝
1) հրավերի գրությունը.
2) մրցույթի տեղեկատվական թերթիկը.
3) հայտի ներկայացման գրության ձևաչափը.
4) ֆինանսական առաջարկի ներկայացման ձևաչափը.
5) հայտի ապահովման ձևաչափը.
6) ծրագրի նվազագույն տեխնիկական պահանջները.
7) պարզաբանումների և փոփոխությունների հարցման ձևաչափը։
8. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին`
1) ապահովել սույն որոշման 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերի հաստատումը պատվիրատուի կողմից.
2) ապահովել նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցներին պատվիրատուի կողմից մեկ միասնական փաթեթի տեսքով հետևյալ փաստաթղթերի տրամադրումը՝
ա. սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած հայտերի ներկայացման հրավերը,
բ. սույն որոշման 3-րդ կետով հավանության արժանացած Կառավարության աջակցության համաձայնագրի նախագիծը,
գ. սույն որոշման 7-րդ կետով պատվիրատուի կողմից հաստատվող փաստաթղթերը,
դ. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի N 544-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Մասրիկ–1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում ապագա կառուցապատող (ներդրող) ընկերության կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի պայմանները,
ե. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի N 543-Ն որոշմամբ սահմանված՝ բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի (օրենքով գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող – բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը,
զ. այլ տեխնիկական մանրամասներ (դրանց անհրաժեշտության դեպքում),
է. Համաշխարհային բանկի ուղեկցող գրությունը և ծրագրի աջակցության նպատակով առաջարկվող երաշխիքի ինդիկատիվ պայմանները (դրանց առկայության դեպքում):
9. Սահմանել, որ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ–1 արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում կազմակերպվելիք գնման ընթացակարգի արդյունքները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: